Համացանցում շատ արագ տարածվեց Ձախ Հարութի` Համո Սահյանի տողերով գրված «Դու ուզեցիր» երգը: Արագ տարածվելը, անկասկած, պայմանավորված է Համո Սահյանի անվամբ: Ես էլ սկսեցի սիրով լսել ու... երգի միջնամասում Համո Սահյանն արդեն չկար, և պոետի հրաշալի բանաստեղծությունը շարունակվում էր Ձախ Հարութի (պինդ բռնեք)... գրած երեք քառատողով: Բա որ Սահյանը մեզ հետ լիներ ու լսե՞ր: Նրան հիմա ի՞նչ պատասխան տանք մենք, որ այստեղ, իր փոխարեն պարտավոր ենք նրա քնարերգության աղբյուրը մաքուր պահելու: Այն զուլալ աղբյուրը, որ հիմա Հարութի նման մի ինքնակոչ պոետ այդպես անփութորեն մտել է կոշիկներով ու ցեխոտում է: Իմ այս խոսքերի պատասխանատուն եմ` Սահյանի քնարերգությանը զգուշորեն, նրբորեն ու ակնածանքով վերաբերվող հազարավոր ընթերցողների բանակ ունենալով թիկունքիս: Ահավասիկ, նախ Հարութի երկնած քառատողերից երկուսը, որոնք Սահյանին բավարար չիմացողների մեջ հնչում են որպես պոետի գրած տողեր.
Ոչ կարգին քնել եմ աշխարհում,
Ոչ կարգին արթուն եմ մնացել,
Ոչ տուն եմ ունեցել մի կարգին,
Ոչ կարգին անտուն եմ մնացել:
Սրտիս մեջ վառվել եմ անկրակ,
Վառվելով տրվել եմ բոլորին
Եվ սակայն սրտիս
պես աշխարհում,
Ախ, բոլորից թաքուն եմ մնացել:
Ես ընթերցողից ներողություն եմ խնդրում, որ նա ստիպված կարդաց երգիչ-«բանաստեղծի» այս հիմարությունները: Պատկերացնո՞ւմ եք, Սահյանը գրեր` «տրվել եմ բոլորին», կամ` «Ոչ կարգին անտուն եմ մնացել»: Եթե դրանք ինչ-որ մեկին դուր են գալիս, թող դուր գան որպես Հարութի երկնած գոհարներ, բայց Սահյան-բանաստեղծի զուլալ աղբյուրից թող հեռու մնան իրենց վառվելով ու, մանավանդ, բոլորին տրվելով:
Բավ չէ, որ Հարութը տողեր է ավելացրել, դեռ իրեն իրավունք է վերապահել... խմբագրելու Համո Սահյանին: Խմբագրել այն բանաստեղծին, ով իր ամեն բառը ալրմաղով մի լավ մաքրելուց հետո նոր միայն տեղադրում էր նախադասության մեջ: Բայց Հարութի նմանը համարձակվում է «Ամեն, ամեն ինչ տամ» տողում «տամ» բառը դարձնել տանեմ` «Ամեն, ամեն ինչ տանեմ, //Տեղը ոչինչ չառնեմ»: Պատկերացնո՞ւմ եք` ամեն ինչ տանում է և տեղը ոչինչ չի առնում: Եվ ապա` «Եվ քո տոնը լինեմ» տողի մեջ «տոն» բառը դարձնում է տուն: Հետո` Դու ուզեցիր, որ ես //Փոխվեմ հազար անգամ, //Բայց և հինը լինեմ, վերջին տողում «լինեմ» բառը փոխում է «մնամ» բառով, շարունակության մեջ էլ` «Որ ես իմը մնամ»: Այսպես խմբագրելով ու ավելի համարձակ դառնալով, Հարութը «Գուշակեցեք, խնդրեմ, //Մարգարեներ, հիմա...» տողերն էլ իր ուզածով է ձևում-կարում` «Դե, գուշակեցեք, մարգարեներ»:
Ինչ հեշտ է ստացվում` խմբագրել Համո Սահյանին:
Պատեհ առիթ է, որ հիշեմ, թե երգահան Սասուն Պասկևիչյանը քանի՜-քանի հոգու հետ շաբաթներով քննարկեց Սահյանի «Մորս» բանաստեղծությունը: Մորը նվիրված այդ բանաստեղծության մեջ ոչ մի տողում «մայրս» բառը չկար, բայց Սասունն ուզում էր կրկներգում այդ բառը լիներ` երգի մեջ ավելի գունեղ դարձնելու մոր հանդեպ պոետի սերն ու վերաբերմունքը: Սահյանի հանդեպ խոր ակնածանք ու խոնարհում ունեցող Սասունը հենց այդ էր քննարկում պոետին լավ իմացողների հետ, և արդյունքում հրաշալի մի երգ ծնվեց, որ պատիվ է բերում թե՛ Համո Սահյանին, թե՛ երգահան Սասուն Պասկևիչյանին:
Մեծամիտ (առանց ներողություն խնդրելու եմ օգտագործում այս բառը) Հարութը փորձել է իրեն շատ վեր դասել պոետից ու իր պղտոր ջրից ավելացրել ևս մի քառատող, որ դարձյալ հնչում է (մեղա Աստծո) որպես Սահյանի գրած տեքստ: Ահավասիկ այդ հիմարությունը.
Ինձ հանգիստ թողեք, մարդիկ,
Ես մարդ եմ ու արտիստ,
Ես եմ ամենից հարուստն
այս աշխարհում,
Ես եմ տերը այս գիշերի,
Այս լուսնի, այս աստղերի,
այս կյանքի
ՈՒ իմ բախտի:
Եվ վերջում, չգիտես ինչի վրա, երգիչը քրքջում է:
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ
Հ.Գ. Ես վախենում եմ, շատ եմ վախենում, թե մեծանուն Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական այս օրերին այդ երգը մասսայական տարածում գտնի` իբր նվեր հոբելյանին, և մանավանդ Լոս Անջելեսում, ուր ապրում է Ձախ Հարութը, հայ հասարակայնության կողմից ընդունվի պոետի տողերի այս աղավաղված տեսքով:
Հ. Հ. Գ. -«Իրատես de facto»-ն լիովին կիսում է Հովհաննես Պապիկյանի արդարացի զայրույթը և հարկ է համարում իր ընթերցողներին մեկ անգամ ևս Համո Սահյանի այս գողտրիկ բանաստեղծությունն անաղարտ տեսքով ըմբոշխնելու հնարավորություն տալ։
Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
ՈՒ ես անտեր մնամ:
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
ՈՒ քեզ ընկեր մնամ:
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար
Արևագալ լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
ՈՒ սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ:
Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ:
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ:
Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
ՈՒ մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ:
Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ: